Շուշիի տեխնոլոգիական համալսարանը պետք է պահպանի անվանումը
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը նախօրեին հանդիպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Ինչպես տեղեկացրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհված հայորդիների հիշատակը: «Շուշիի տեխնոլոգիական համալսարանը 44- օրյա պատերազմի ընթացքում 50 զոհ է տվել: Հաղթահարել հոգեբանական բարդույթները ու միասին լուծում տալ երկրի առջեւ ծառացած խնդիրներին՝ սա էր օրենսդիրի ղեկավարի հիմնական ուղերձն արցախցիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ գնահատելով համալսարանի ներուժը՝ Արթուր Թովմասյանը կրթական գործն առավել նվիրվածությամբ կազմակերպելու, սերունդներ դաստիարակելու կոչով է դիմել համալսարանականներին: Նա շեշտել է, որ բուհն անպայման պետք է պահպանի «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» անվանումը՝ որպես Շուշի վերադառնալու իրավունքի առհավատչյա:
Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ետպատերազմյան խնդիրները լուծելու՝ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին, սոցիալական ծրագրերին ու դրանց համար հիմք հանդիսացող օրենսդրական նախաձեռնություններին:
Արցախի Ազգային ժողովից նաեւ հայտնել են, որ պատասխանելով ներկաների հարցերին՝ Արթուր Թովմասյանը պարզաբանումներ է տվել առկա աշխարհաքաղաքական զարգացումների, պաշտպանության բանակի կարգավիճակի, ագրարային քաղաքականության վերաբերյալ: Նա ընդգծել է, որ կարեւորագույնն ու առաջնահերթությունն Արցախի կարգավիճակն ու ժողովրդի անվտանգությունն են։
Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը:»
