ՀՀ ՊՆ-ին դեռ չի հաջողվել «համոզել» ադրբեջանցիներին. Գորիսի համայնքապետ

 

Armeniasputnik.am-ը գրում է.

«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սև լճի տարածքում ադրբեջանցիների առաջ գալու հետ կապված բանակցություններին։

Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ ՀՀ պետական սահմանում, որը հատել է ապօրինաբար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Մինչ այս եղած բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։ Ոչ մի դետալում փոփոխություն չկա, սպասում ենք բանակցություններին, հասկանանք` ինչ է լինում»,- ասաց նա։

Հայկական կողմից բանակցողը  ՀՀ ՊՆ-ն է, որին, սակայն, 2 օր է`չի հաջողվել  ադրբեջանցիներին «համոզել» իրենց դիրքեր վերադառնալ։

Դիտարկմանը, թե իշխանության և վարչապետի պաշտոնակատարի հետ հարցը քննարկել են, Առուշանյանը հակիրճ արձագանքեց։

«Իսկ մենք իշխանություն ունե՞նք»,- նշեց նա։

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում մայիսի 12–ին լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։»