Փոքրիկ լոկալ պատերազմ որպես ընտրությունների նախաշեմին սեփական վարկանիշը բարձրացնելու երաշխիք
Այսօր մամուլից տեղեկացանք, որ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս չճամփորդել դեպի Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ: Ուշագրավ է, որ 2020 սեպտեմբերի 25-ին նույն հաստատությունը գրեթե նույն բովանդակության հորդոր էր տարածել:
Հիշեցնեմ, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Այդ օրվանից սկսած բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես են օրվա իշխանության ներկայացուցիչներն ու դրանց սազանդարները միմյանց հերթ չտալով արտաբերել անհեթեթություններ այն մասին, որ մեզ բանակը ժողովրդին է պաշտպանում, այլ ոչ թե ինչ-որ ամայի տարածքներ:
ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Մուրադովը առաջինն է սկսում բանակցային գործընթացը:
ՊՆ-ն պարբերաբար հերքումներ է տարածում, որոնց ոչ ոք չի հավատում:
Պաշտպանության նախարարը հանդիպում և հեռախոսազրույցներ է ունենում տարբեր մարդկանց հետ:
Գումարվում է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում իրենցքայլական պատգամավորները հիստերիկ, բայց անբովանդակ ելույթներ էին ունենում:
ՀՀ-ն դիմում է ՀԱՊԿ ամենաանհեթեթ հոդվածով՝ կոնսուլտացիաների համար: Ի՞նչ կոնսուլտացիաներ, եթե թշնամին արդեն եկել է քո տուն ու տանդ միջանցքում տեղավորվել է: Կոնսուլտացիաներ այն մասին, թե ինչպե՞ս չթողնել, որ խոհանոց հասնի, այսինքն՝ Երևան:
Արանքում անդադար Անվտանգության խորհրդի նիստեր են գումարվում և ԱԽՔ-ը հանկարծակի սկսում է դրսևորել իրեն ոչ բնորոշ կեցվածք՝ անելով կոշտ հայտարարություններ, բայց միևնույն ժամանակ դրանք համեմելով անհեթեթություններով, ինչպիսիք են ՛՛Մեզ փորձել են այն միտքը սերմանել, որ Ադրբեջանը ամբողջովին հաղթած է դուրս եկել, բայց…՛՛:
Քաղաքացի Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունենում բոլորի հետ, ով կպատասխանի իր զանգերին: Նույնը նա անում էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 0 արդյունավետությամբ:
Տարբեր երկրների ղեկավարներ տարբեր աստիճանի կոշտության հորդորներ են հղում Ադրբեջանին և կողմերին: Նույնը տեղի էր ունենում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 0 արդյունավետությամբ:
Լսեցինք Իրանի բավականին կոշտ հայտարարությունը:
Այսօր 8-րդ օրն է, ինչ հայկական կողմը ապարդյուն բանակցություններ է վարում: Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր ժամը 14:00 նախատեսված բանակցություններին ադրբեջանական կողմը չի ներկայացել:
Եղան տեղեկություններ նաև, որ քանի որ ադրբեջանական կողմը պնդում է, որ այնտեղ դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներ երբեք չեն տարվել, սահմանը հստակ չէ և իրենք իրավունք ունեն առաջանալ: ՌԴ-ն առաջարկեց սկսել գործընթացը և հանձնաժողով ստեղծել, բայց հայկական կողմը հրաժարվեց:
Ի՞նչ պետք է հասկանանք այս ամենը վերլուծելով:
Կարող եմ առաջարկել մի քանի վարկած՝
- Սա սադրանք է Ռուսաստանի դեմ, որպեսզի խաղաղապահները խառնվեն և դրանով Թուրքիան կստանա լեգիտիմ հիմքեր հայտարարելու, որ ռուսական խաղաղապահները կողմնակալ են, ուստի Թուրքիան նույնպես իրավունք ունի իր խաղաղապահներին բերի տարածաշրջան, կամ Ռուսաստանը պետք է հեռանա և իրեն պետք է փոխարինեն այլ խաղաղապահներ: Այնպես որ, եթե անզուսպ ցանկություն ունեք դարձյալ ըստ ավանդույթի Ռուսաստանին մեղադրել ամեն ինչի համար, լռեք:
- Քաղաքացի Փաշինյանը պայմանավորվել է Ալիևի հետ, որ վերջինը կհրահրի այսպիսի միջադեպ, մի քանի օր կլինեն ապարդյուն բանակցություններ, ապահովելով հանրային արձագանքի էսկալացիա: Դրանից հետո ՀՀ ԶՈՒ-ն ջաղջախիչ հուժկու հարվածով դուրս կշպրտի ադրբեջանցիներին ՀՀ տարածքից և կապիտուլյանտը կշահարկի այդ փաստը որպես իր համար նախընտրական քարոզչություն՝ պնդելով, որ ինքը կապիտուլյանտ չէ, քանի որ արդյունավետորեն լուծեց խնդիրը հօգուտ Հայաստանի:
- Ալիևը հասկանալով, որ քաղաքացի Փաշինյանի վերընտրվելու շանսերը բավականին ցածր են ու իրեն կփոխարինեն ազգային ուժեր, որոշեց մինչև ընտրությունները ամրապնդվել Սյունիքում, ձեռքի հետ թաթ գցել նաև Գեղարքունիկի և Տավուշի որոշ տարածքների վրա: Ալիևը գիտի, որ ընտրություններից հետո իշխանության եկած ազգային ուժերը անմիջապես կարձագանքեն ՀՀ պետական սահմանը խախտելու բոլոր փորձերին, և նա չի կարողանա հենց այնպես մտնել ՀՀ տարածք և տեղավորվել, ինչպես որ անում է հիմա: Եթե ադրբեջանական զորքը մի տեղ ամրապնդվի, ընտրություններից հետո ՀՀ նորընտիր իշխանություններին ավելի բարդ կլինի դուրս շպրտել զավթիչներին:
Նշեմ, որ հավանական եմ համարում այս երեքի համադրությունը, ինչպես նաև այլ գործոնների առկայությունը, որոնք մասին մենք չգիտենք, քանի որ մենք առհասարակ շատ քիչ բան գիտենք այն մասին, թե ինչ է բանակցում հողատու կապիտուլյանտը:
Իսկ եթե կարճ, ապա մենք կարող մենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս ամենը քաղաքացի Փաշինյանը հանգիստ կարող է օգտագործել նախընտրական փիառի համար: Ալիևն էլ իր հերթին կստանա հնարավորություն հասնել իր ուզածին և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից մի կտոր պոկել, կամ շանտաժող հասնել Մեղրիի միջանցքի բացմանը:
Ի՞նչ ուզում եք ասեք, բայց այս ամենը քաղաքացի Փաշինյանի համար շատ հարմար պահին եղավ:
Քաղաքացի Փաշինյանին ուզում եմ իմ կողմից հիշեցնել, որ Ալիևը այն մարդը չէ, ում հետ կարելի է բանավոր փոխըմբռնում ձեռք բերել և հուսալ, որ վերջինը կկատարի իր խոստումները: Վերջում կարող է այնպես ստացվել, որ քաղաքացի Փաշինյանի հայրական տունը նույնպես հայտնվի թշնամու վերահսկողության տակ:
Հեղինակ՝ Նատալյա Սաղիյան
