ՀԱՊԿ-ում ակտիվ աշխատանքի վերադառնալու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվի. Փաշինյան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ակտիվ աշխատանքի վերադառնալու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով բազմակողմ ձևաչափերում համագործակցությունների վերաբերյալ դրույթները, որոնք տեղ են գտել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։

«ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես գիտեք, սառեցված է, և ակտիվությանը վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։ Եվ սա արձանագրված է մեր նախընտրական ծրագրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով բազմակողմ մյուս ձևաչափերում Հայաստանի մասնակցությանը՝ Փաշինյանը նշել է, որ բազմակողմ ձևաչափերում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունը կարևոր է հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունն առավել արդյունավետ դարձնելու համար։

«ՄԱԿ-ում և նրա մասնագիտացված առանձին մարմիններում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Եվրոպական քաղաքական համայնքում Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ակտիվ անդամ։ Հայաստանի Հանրապետությունը դարձավ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ և կշարունակի աշխատանքներն այդ ձևաչափում,- ասել է վարչապետը։