Քիրվայության ժամանակը

Բոլորը տեսնում և լսում են ինչ է կատարվում, բայց խոսում են քչերը: Մեծամասնությունը ցավոք լուռ հետևում է հայկական պետության կործնման այս սոսկալի գործընթացին, որը ներկայացվում է ժողովրդի անունից և իբր ժողովրդի համար:

Թուրքի հանդեպ հաշտվողական և, ինչո՞ւ չէ, նաև լոյալ այս վարչակազմը չի էլ թաքցնում իր վերաբերմունքը, բայց ժողվուրդը նույնիսկ բանի տեղ չի էլ դնում նրանց պրոթուրքական հայտարարությունները:

Այս անոմալ երևույթը դժվար էր պատկերացնել դեռ մի քանի տարի առաջ:  Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե մինչև հեղափոխությունը ԱԺ իշխող մեծամասնության պատգամավորները հայտարարեին, որ կարևոր չի ում պատմական հողն է Արցախը, կամ Կարսի և մյուս տարածքների մասին հայտնի հայտարարություններ անեին:

Զավեշտը նրանում է, որ շարքային քաղաքացուն հետաքրքրում է ավելի շատ օրինակ ձեթի գնի թանկացումը, քան նման դավաճանական հայտարարությունները: Երևի թավշյա հեղաշրջման ժամանակ այս ամենի կազմակերպիչները լուրջ հաշվարկեր էին արել, որ հասարակության իմունիտետը ընկած է և հեշտությամբ կստացվի մոռացության մատնել հակաթուրքական տրամադրությունները ու ստեղծել քիրվայական իրավիճակ, որտեղ կմոռացվեն և Մեծ Եղեռնը և Արցախը և նույնիսկ ամիսներ առաջ իրականություն դարձաձ աղետալի 44 օրյա պատերազմը:

Մնում է հուսալ, որ ժողովուրդը կարթնանա և օրվա իր կենցաղային և էմոցիոնալ հարցերից բացի կլսի ու կտեսնի թե իր սիրելի իշխանությունը ուր է տանում Հայաստանը:

Հեղինակ՝ Մինաս Յալուզյան